ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը անցյալ շաբաթ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են Ստեփանակերտի օդանավակայանի հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին նա խոսել է Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը վերջին շրջանում զարմանալիորեն հաճախակի է հայտնվում միջազգային լրահոսում, միջնորդ համանախագահների քննարկումների օրակարգում: Տպավորությունն այն է, որ օդանավակայանի խնդիրը մտել է մի փուլ, երբ շատ հավանական է դառնում որևէ որոշումն այդ կապակցությամբ: Եվ հավանական է, որ որոշում կկայացվի օդանավակայանը շահագործելու վերաբերյալ, որովհետև հակառակ դեպքում հազիվ թե հարցը դառնար օրակարգային և այդքան հաճախակի շոշափվեր: Այստեղ, ըստ երևույթին, հնարավոր հավանական շարժառիթները երկուսն են: Նախ, չի բացառվում, որ հարցի ակտուալացումը հայկական կողմի նախաձեռնություն է, որը կարելի էր պայմանավորել նախընտրական շրջանով: Ամենևին չի բացառվում, որ հայկական կողմը փորձել է համանախագահների առաջ բարձրացնել Ստեփանակերտ առաջին թռիչքն իրականացնելու հարցը: Ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը լինելու է առաջին չվերթի առաջին ուղևորը: Ավելորդ է ասել, որ եթե նման բան տեղի ունենար նախընտրական շրջանում, ապա Սերժ Սարգսյանին դա հնարավորություն կտար ներկայանալ և՛ որպես փայլուն հաջողություն արձանագրած դիվանագետ, և՛ որպես համարձակ նախագահ, որը կատարում է առաջին չվերթը ադրբեջանական սպառնալիքների ներքո: Սակայն դա տեղի չունեցավ:
Մյուս կողմից պարզից էլ պարզ է, որ եթե օդանավակայանը սկսի աշխատել, ապա Ադրբեջանը դրան երբեք չի տալու պաշտոնական համաձայնություն, այլ շարունակելու է սպառնալքները, պարզապես լինելու են ստվերային երաշխիքներ, որ հարվածներ օդանավներին չեն լինի՝ իհարկե նաև զուգահեռաբար կապահովվի անվտանգությունը տեխնիկական և ռազմատեխնիկական բոլոր միջոցներով, Բաքվի ավանտյուրան թույլ չտալու համար: Երևանը, անկասկած, չի կարող համոզված լինել, որ համանախագահներին կհաջողվի կոտրել Ադրբեջանի դիմադրությունը, կամ ընդհանրապես նրանց պետք կլինի, որ օդանավակայանը ներկայումս շահագործվի: Բայց, փորձելը համենայն դեպս չէր խանգարի, և Հայաստանի իշխանություններն ամենայն հավանականությամբ հենց փորձել են՝ հարցը բարձրացնելով համանախագահների առաջ՝ կլուծվի՝ լավ, չի լուծվի, միևնույն է դրանից վնաս չկա:
Մյուս տարբերակն այն է, որ օդանավակայանի բացումը անհրաժեշտություն է դարձել համանախագահներից որևէ մեկի համար, և հարցը օրակարգում է հայտնվել հենց տվյալ համանախագահի նախաձեռնությամբ: Թե հատկապես ո՞ւմ, դժվար է ասել, բայց ամենայն հավանականությամբ խոսքը կա՛մ ԱՄՆ, կա՛մ Ռուսաստանի մասին է, քանի որ Ֆրանսիան այս դեպքում կարծես թե այդքան էլ ակտիվ չէ: Թեև, պետք չէ բացառել նաև այն տարբերակը, որ օդանավակայանի շահագործումը համանախագահներին պետք չէ, պարզապես հարցն ընդամենը դարձել է բանակցային վակուումը լցնելու մի տարբերակ:
Այնուամենայնիվ այս իրավիճակում Հայաստանի համար, անշուշտ, շատ կարևոր է զգոնությունը և նախընտրական հույզերին չտրվելը, որովհետև նախընտրական հաղթանակը կարող է ընտրություններից հետո վերածվել աշխարհաքաղաքական ավանտյուրայի, որից եթե որևէ մեկը շահի, ապա երևի թե ոչ Հայաստանը: Հետևաբար Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը պաշտոնական Երևանը պետք է դիտարկի բացառապես այդ կոնտեքստում, այսինքն՝ նախընտրական կոնյուկտուրայից դուրս:










































