Սոմալիի ծովահենները, որոնք անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին Արաբական ծովում առևանգել էին թայլանդական Thor Nexus նավը, 5 մլն դոլար փրկագին են ստացել այն ազատելու համար: Այս մասին այսօր հայտնել են տեղի իրավապահ մարմինները:
«Գումարը գցել են Thor Nexus նավի վրա ինքնաթիռից»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Դրանից հետո ծովահենները լքել են նավը և իրենց սեփական նավով գնացել անհայտ ուղղությամբ:
Առևանգված թայլանդական նավի վրա եղել է Թայլանդի 27 քաղաքացի: Այն Միացյալ Արաբական Էմիրություններից ուղևորվում էր դեպի Բանգլադեշ:
Ecoterra International-ի տվյալներով՝ այժմ Սոմալիի ծովահենների մոտ գերության մեջ են գտնվում 40 օտարերկրյա նավեր և մոտ 700 նավաստիներ:










































