Սերժ Սարգսյանն ունի քաղաքական առավելություն մյուս երկու թեկնածուների նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը. «Թեկնածուների ծրագրերն, անշուշտ, իրարից շատ են տարբերվում՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ տնտեսական ոլորտում: Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող մեկնաբանել, բայց ակնհայտ երևում է, որ ամենալավ արտաքին քաղաքական ծրագիրը հենց ՍերԺ Սարգսյանինն է, ես իրոք ցավ եմ ապրում, որ կա նման մեծ կոնտրաստ, այն ակնհայտ է»:
Խոսելով քարոզարշավի լուսաբանման մասին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ այս հինգ տարվա ընթացքում դրական շատ մեծ աճ կա, քանի որ թեկնածուները շատ մատչելի լուսաբանվելու հնարավորություն ունեն. «Հիշեք հինգ տարի առաջ ինչ էր կատարվում. ընդդիմադիր թեկնածուն, եթեր ստանալու դեպքում, միայն մեկնաբանվում էր լրագրողի կողմից, իսկ այսօր նրանք ազատ լուսաբանվելու հնարավորություն ունեն, ինչն էլ մարդկանց արագ կողմնորոշվելու հնարավորություն է տալիս»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ապա, ըստ քաղաքագետի, նրան կարելի է իր որոշումն այսքան շատ փոխելու համար գրանցել Գինեսի գրքում:








































