Թբիլիսյան քաղաքային դատարանը Վրաստանի ՆԳՆ-ին պարտավորեցրել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային հարցաքննության նպատակով բերման ենթարկել: Դատարանի հայտարարության մեջ նշված է, որ նա պետք է ներկայանա փետրվարի 16-ին, ժամը 15:00-ին:
Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ հարցաքննությանը բերման ենթարկելուց ազատվում են նախագահը, պատգամավորները, դատավորները ու դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձինք, և այդ ցուցակից բացակայում է քաղաքապետը:
Մինչ այս Թբիլիսիի քաղաքապետը երկու անգամ հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն` հարցաքննության: Նա պետք է հարցաքննվի փետրվարի 8-ի դեպքի առնչությամբ: Այդ ժամանակ «Միացյալ ազգային շարժման» և «Վրացական երազանքի» ներկայացուցիչների միջև բախում էր տեղի ունեցել, որի հետևանքով Ազգային գրադարանում նախատեսված Վրաստանի նախագահի ուղերձը կասեցվել էր:
Քաղաքապետն ուրբաթ օրը մեկ անգամ ևս հաստատել էր, որ դատարանի որոշումը կկատարի:








































