Վերաքննիչ քրեական դատարանում քննվում են Վլադիմիր Կոթոլյանի գործով բերված վերաքննիչ բողոքները:
27-ամյա Վլադիմիր Կոթոլյանը կալանքի տակ է 2009 թվականի նոյեմբերից: Նրա գործով առաջին դատական ակտը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին:
Այդ դատական ակտը բողոքարկվել է, դատական կարուսելը՝ պտտվել, ու նույն գործով հերթական դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակվեց 2013 թվականի մարտի 4-ին:
Նախաքննական մարմինը Վլադիմիր Կոթոլյանին մեղադրանք է առաջադրել հետևյալ արարքի համար. «Կոթոլյանը, աշխատելով ԱԱԾ քննչական վարչությունում որպես քննիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Զվարթնոց» օդանավակայանում, Թեհրան-Երևան չվերթով Երևան Ժամանած Մ. Ավետիսյանի և Հ. Գևորգյանի մոտ 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորությունների շրջանակում նախապատրաստվող նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու, Ավետիսյանին ու Գևորգյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար վերջինից պահանջել, 2009 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի 25-ին երկու մասնաբաժնով՝ 2-հազարական դոլարով, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մամա միա» սրճարանում ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 4 հազար դոլար կաշառք»:
2009 թվականի սեպտեմբերի 28-ին քննիչ Կոթոլյանը որոշում է կայացրել Գևորգյանի և Ավետիսյանի վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից այդ նյութերով հարուցվել է քրեական գործ, սկսվել է նախաքննություն:
Նոյեմբերի 2-ին Մ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 266 հոդվածի 4-րդ մասով:
Հ. Գևորգյանը, տեսնելով, որ Կոթոլյանն իր խոստումը չի կատարել, խնդրել է, որ գոնե միջամտի նախաքննությանն ու օգնի իրեն: Բայց որոշ ժամանակ անց, տեսնելով, որ Կոթոլյանը ոչնչով չի օգնում, Գևորգյանը պահանջել է, որ նա վերցրած գումարից 3500 դոլարը վերադարձնի, իսկ 500 դոլարը պահի իրեն՝ որպես հարսանեկան նվեր:
Կոթոլյանը խոստացել է վերադարձնել վերցրած գումարի կեսը, սակայն չի վերադարձրել:
2009 թվականի նոյեմբերին Գևորգյանը Կոթոլյանին կաշառք տալու մասին հայտնել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության օպերլիազոր Մ. Բաղդասարյանին: Նոյեմբերի 19-ին Գևորգյանը բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ կաշառք տալու կասկածանքով և բացատրություն տվել Վ. Կոթոլյանին 4 հազար դոլար կաշառք տալու մասին:
Ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Կոթոլյանն իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, որ կաշառք չի վերցրել, Գևորգյանի ու Ավետիսյանի վերաբերյալ նյութերի հետ կապված՝ ոչ մի անձնական շահագրգռվածություն չի ունեցել, հարցը լուծել է օրենքով սահմանված կարգով:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննելով գործը, եզրակացրել է. «Ամբաստանյալ Վլադիմիր Կոթոլյանի կողմից, նրա մեղավորությամբ, որպես պաշտոնատար անձ, անձամբ կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:
Դատարանը Վլադիմիր Կոթոլյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման՝ անձնական գույքի մեկ երրորդի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի՝ 1 միլիոն 484 հազար 560 դրամից:
Այս դատավճիռը բողոքարկվել է Կոթոլյանի շահերի պաշտպաններ Վ. Գևորգյանի և Կ. Քամալյանի կողմից: Բողոքաբերները միջնորդել են կաշառք ստանալու համար առաջադրված մեղադրանքով Կոթոլյանի քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել՝ արարքում հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը եզրակացնի, թե Կոթոլյանի արարքում հանցակազմ կա, ապա թող հաշվի առնվեն գործի բոլոր հանգամանքները, արարքին տրվի եզրահանգմանը համապատասխան որակում և սահմանվի օրենքով նախատեսված նվազագույն համաչափ մեղմ պատիժ:
Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով պաշտպանների բողոքը, որոշում է կայացրել 2011 թվականի մայիսի 24-ին: Դատարանը հաշվի է առել, որ գործով հիմնական վկա Հովհաննես Գևորգյանը 2010 թվականի նոյեմբերի 3-ին թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների համար մեղավոր է ճանաչվել ընդհանուր իրավասության դատարանի կողմից ու դատապարտվել 9 տարի ազատազրկման:
Վերաքննիչ քրեական դատարանը Գևորգյանի գործով դատավճիռը 2010 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ թողել է անփոփոխ: Ավելին, դատարանի դահլիճում կալանքի տակ է առել մինչ այդ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Գևորգյանին:
2010 թվականի դեկտեմբերի 29-ին Գևորգյանը դիմումներ է հղել գլխավոր դատախազին, վճռաբեկ դատարանի նախագահին՝ նշելով, թե ինքը Կոթոլյանին չորս հազար դոլար կաշառք չի տվել, Կոթոլյանին մեղադրող ցուցմունքներ է տվել ճնշումների ազդեցության տակ, քանի որ իրեն խոստացել էին չկալանավորել ու չդատապարտել: Ինքը հավատացել, պահանջված ցուցմունքները տվել է, սակայն իրեն տրված խոստումը դրժվել է, իրեն և դատապարտել են, և կալանավորել:
Կոթոլյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատարան հրավիրված Հ. Գևորգյանը, սակայն, հայտարարել է, թե վերը հիշատակված դիմումներն ինքը չի գրել, պնդել է նախկին ցուցմունքներն այն մասին, որ Կոթոլյանին, իրոք, տվել է չորս հազար դոլար կաշառք:
Իսկ 2011 թվականի մարտի 23-ի թվագրմամբ Գևորգյանը ևս մեկ դիմում է գրել վերաքննիչ քրեական դատարանին, որով հայտնել է, թե դատարանում ճիշտը չի ասել, այդ ժամանակ իր բողոքը վճռաբեկ ատյանում էր, ինքը վախեցել է, որ բողոքը կմերժեն, դրա համար էլ հրաժարվել է նախկինում գրած դիմումներից: Սակայն, միևնույնն է, վճռաբեկ դատարանը իր բողոքը չի բավարարել, ինքը մնացել է դատապարտված ու կալանքի տակ, դրա համար էլ ճիշտն է ասում, այսինքն՝ ինքը Կոթոլյանին չորս հազար դոլար կաշառք… չի տվել:
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ Կոթոլյանի մեղադրանքի հիմքում դրված են Հ. Գևորգյանի մեղադրական ցուցմունքները, գործով մյուս վկաների իրազեկման աղբյուրը ևս Գևորգյանն է: Մինչդեռ վերջինս գործի հետագա քննության ընթացքում դրսևորել է ոչ կայուն դիրքորոշում:
Վերաքննիչ ատյանը եկել է եզրահանգման, որ նոր դատաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, որի ժամանակ նորից կհարցաքննվի Հովհաննես Գևորգյանը, մյուս ապացույցների համադրությամբ գնահատման կենթարկվի նրա ցուցմունքների արժանահավատությունը:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, ու Վլադիմիր Կոթոլյանի գործն ուղարկվել է նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:
2012 թվականի դեկտեմբերի 13-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մխիթար Պապոյանի նախագահությամբ Վլադիմիր Կոթոլյանի գործով կայացրել է նոր դատավճիռ:
Այս անգամ դատարանը եզրակացրել է, որ Վլադիմիր Կոթոլյանը ոչ թե կաշառք է ստացել, այլ խարդախություն է կատարել կաշառք ստանալու պատրվակով:
Այս հանցակազմն առկա է, երբ ուրիշի գույքի հափշտակություն կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար անձը, որպես խաբեության եղանակ, օգտագործում է կաշառք ստանալու պատրվակը, այսինքն, անձը իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար մեկ այլ անձից ստանում է գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, սակայն, չկատարելով խոստացած գործողությունները, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակներով տիրանում է ուրիշի գույքին:
Դատարանը, եզրակացնելով, որ Կոթոլյանի կատարածը հենց այդ հանցավոր արարքն է եղել, նրան մեղավոր է ճանաչել խարդախության համար ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով ու դատապարտել 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2009 թվականի նոյեմբերի 19-ից: Դատարանը կիրառել է նաև համաներում և պատժի չկրած մասը կրճատել է մեկ երրորդով:
Այս դատավճիռը վերստին բողոքարկվել է:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Նադոյանի կարծիքով՝ դատարանը սխալ վերաորակում է կատարել, Կոթոլյանի կատարածը հենց կաշառք ստանալն է: Այդ առումով դատախազը միջնորդել է արարքը վերաորակած դատավճիռը բեկանել, Կոթոլյանին մեղավոր ճանաչել կաշառք ստանալու համար ու դատապարտել 7 տարի ազատազրկման:
Վլադիմիր Կոթոլյանի շահերի պաշտպաններն էլ ևս մեկ անգամ միջնորդել են արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը եզրակացնի, թե հանցավոր արարքը կատարվել է, ապա թող հաշվի առնի գործի հանգամանքներն ու սահմանի օրենքով նախատեսված տուգանք կամ նվազագույն պատիժ կամ համաչափ պատիժ:
Այսօր Վլադիմիր Կոթոլյանի պաշտպաններից վերաքննիչ քրեական դատարան էին ներկայացել Արթուր Գրիգորյանը և Մելիք Պետրոսյանը:
Դատարանը, սակայն, ծանրաբեռնված էր մեկ այլ գործով ու նիստը հետաձգեց մինչև մարտի 4-ը:
Վլադիմիր Կոթոլյանը վերաքննիչի դահլիճ մտավ ու դուրս եկավ «հնաբնակի» նման: Յուրաքանչյուր դատական ատյանում նա երկուական անգամ արդեն դատվել էր նույն գործի շրջանակներում:











































