Գերմանիայի Համբուրգ քաղաքի մուսուլմանական համայնքի՝ լյութերական տաճարը մզկիթի վերածելու ծրագրերը բողոքի ալիք են բարձրացրել ամբողջ երկրով մեկ:
Վերջին տարիներին Գերմանիայի մի շարք քաղաքներում լյութերական, կաթոլիկ եկեղեցիները վերածվում են մզկիթների, ինչը վկայում է երկրում իսլամի աճի մասին: Այս մասին հաղորդում է Sedmitza.ru կայքը՝ վկայակոչելով Gatestone Institute-ի հաղորդագրությունը:
Վերջին դեպքը կապված է Համբուրգում գտնվող Կապերնաում եկեղեցու հետ, որը ճանաչվել է քաղաքի մշակութային ժառանգություն, սակայն փակ է 2002 թ. ֆինանսական խնդիրների և ծխականների թվի նվազման պատճառով։
Եկեղեցու շենքը և դրան հարակից 44մ բարձրություն ունեցող աշտարակը՝ հողային տարածքով, վաճառվել է 2012 թ. դեկտեմբերին Ալ-Նուր իսլամական կենտրոնին, որն ունի շուրջ 600 անդամ, որոնց մեծ մասը մուսուլման արաբներ են:
Ներկա պահին եկեղեցում ընթանում են մեկ միլիոն եվրո արժողությամբ վերանորոգման աշխատանքներ: Եկեղեցու բացումը, սակայն արդեն մզկիթի տեսքով, նախատեսվում է հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի միասնականության օրը:
Նշենք, որ 2000 թվից ի վեր Գերմանիայում արդեն փակվել է ավելի քան 400 կաթոլիկ եկեղեցի և շուրջ 100 բողոքական տաճարներ: Մոտակա մի քանի տարիներին նախատեսվում է փակել շուրջ 700 կաթոլիկ եկեղեցի:











































