Չիկագոյի իշխանությունները Ալ Կապոնեի ժամանակներից ի վեր ևս մեկ մարդու են հռչակել «թիվ մեկ թշնամի»՝ մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանին, ով «Սինալոա» կարտելի ղեկավարն է՝ «Գաճաճ» (El Chapo) մականունով:
Հանցագործին այդ տիտղոսը շնորհելու որոշումը կայացրել է Չիկագոյի Քրեական հանցագործությունների ոչ պետական հանձնաժողովը (Chicago Crime Commission)՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության քաղաքային ստորաբաժանման հետ համատեղ:
Ոստիկանության տեղեկություններով՝ Գուսմանի կարտելը մատակարարում է Չիկագոյում տարածվող թմրանյութերի մեծ մասը: Բանդաները, որոնք թմրավաճառք են իրականացնում, հաճախ պատերազմում են տարածքի համար, ինչը հանգեցնում է սպանությունների ու նպաստում քաղաքում հանցավորության աճին:
Ավելին՝ «Սինալոան» Չիկագոն օգտագործում է որպես ԱՄՆ-ի միջին արևմուտք թմրանյութերի մատակարարման կենտրոն:
Թմրանյութերի դեմ պայքարի քաղաքային վարչության դեկավար Ջեք Ռայլին հայտարարել է, որ Գուսմանը «Չիկագոյի նոր Ալ Կապոնեն է», փախանցում է CBS News-ը: Ընդ որում, նրա կարծիքով՝ եթե երկու հանցագործների ուղիները խաչվեին, ապա «Գաճաճը Կապոնեին հում-հում կուտեր»:
«Թիվ մեկ թշնամի» տիտղոսը Գուսմանից առաջ ստացել է Ալ Կապոնեն՝ 1930 թվականին: Ալֆոնսո Կապոնեն 1920-1930թթ. ԱՄՆ-ում Չոր օրենքի տարիներին իրականացնում էր ալկոհոլի վաճառք, զբաղվում խաղային բիզնեսով ու կավատությամբ:
«Սինալոա» կարտելը Մեքսիկայում խոշորագույններից է: Ըստ Forbes-ի՝ Գուսմանը Մեքսիկայի ամենահարուստ մարդկանցից է, ում կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար:











































