Եթե Եվրոպան մերժի մեզ, մենք համեղ պատառ կդառնանք միայն մեկ հարևանի համար: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելով Եվրոպական ազգային կուսակցության (ԵԱԿ) հայտարարությունը:
«ԵԱԿ-ը հարցի է տակ է դնում Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման մասին համաձայնագրի ձևակերպումը, իսկ սա ամենախոշոր եվրոպական կուսակցությունն է, և նրա կարծիքը չպետք է անտեսել»,- ընդգծել է նախագահը:
Սաակաշվիլին նշել է, որ «խիստ անհանգստացած» է այս հայտարարության կապակցությամբ, քանի որ վերջին 8 տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի Վրաստանը մոտենա ԵՄ-ին:
«Վերջին 8 տարիներին իրականացրած աշխատանքի արդյունքում մենք հասանք նրան, որ այս տարի Վիլնյուսում առաջարկվել է ձևակերպել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր»,- ասել է նա:
Նախագահի խոսքերով՝ վերջին ժամանակներս Վրաստանում ընթացող իրադարձությունները, ԵԱԿ հայտարարության համաձայն, հարվածի տակ են դրել այդ համաձայնագրի ստորագրումը:
Սաակաշվիլին Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել «սթափվել», «արթնանալ» և հասկանալ, ինչն է պետք անհապաղ ուղղել:
«Մենք պետք է միասին նստենք և անենք դա: Մենք չպետք է երկիրն այսօր կանգնեցնենք այն վտանգի առաջ, որ գնացքը կգնա, և հայտնի չէ, թե երբ կրկին այն կանցնի մեր կողքով: Ես անհանգստացած եմ այս կապակցությամբ»,-ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ պատրաստ է այս հարցի շուրջ խոսել կառավարության հետ, քանի որ դա շատ մեծ խնդիր է, հակառակ դեպքում, վերջին հաշվով, պարտություն կկրի Վրաստանը:









































