Երեկ Քիմ Քարդաշյանն ընտանիքով եղավ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում: Նախ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին հանդիպեցին: Մոտ կես ժամ մնացին, ապա կազմակերպեցին Քիմ Քարդաշյանի դստեր՝ Նորթի մկրտության արարողությունը Սուրբ Հակոբ եկեղեցում, որից հետո մեկնեցին: Մկրտեց հայր Պարետը: Այս է ամբողջը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգման հայր Համբարձում Քեշիշյանը:
Նա նաև նշեց, որ մկրտության արարողությանը միայն Քարդաշյան ընտանիքն է ներկա եղել, եկեղեցու դռները փակել են, բայց կատարվել է ամեն հնարավորը հյուրերին գոհացնելու համար:
«Շատ ուրախ տրամադրությամբ նրանք գնացին այստեղից: Սուրբ Հարության եկեղեցում աղոթք է եղել»,- ասաց հայր Համբարձումը:
Նա նշեց, որ վանքի մոտ հազարավոր հայեր են հավաքված եղել, բոլորը սպասել են Քիմ Քարդաշյանին տեսնելու:
«Անշուշտ, ինքն ինքնաշարժով եկավ մինչև վանքի դուռը, միանգամից մտավ վանք, և ապահով վերադարձան»,- ասաց հայր Համբարձումը՝ հավելելով, որ մկրտության արարողությունն ամբողջովին հայ եկեղեցու ծիսակարգով է եղել:









































