Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հնարավորությունը:
Եթե Հիլարի Քլինթոնն ապրիլի 12-ին հայտարարած չլիներ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, ապա Հայաստան այցելելու հավանականության մասին տեղեկությունը թերևս չէր արժանանա մեծ ուշադրության, կամ պարզապես կառաջացներ ընթացիկ հետաքրքրություն, առանց որևէ քաղաքական հենքի: Բայց ապրիլի 12-ին Հիլարի Քլինթոնը հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Նա պայքարելու է Դեմոկրատական կուսակցության ներկուսակցական փրայմերիզում հաղթելու համար և պետք է նկատել, որ նրա հաղթելու հավանականությունը, մեղմ ասած, բավական մեծ է: Քլինթոնն ունի հիանալի շանսեր լինելու ԱՄՆ նոր նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:
Ընդհանրապես, նրա նախագահական շանսերի մասին խոսելը դեռ վաղ է, բայց եթե դիտարկենք զուտ ներկայիս իրավիճակը, ապա կարծեք թե չի երևում Հանրապետական կուսակցության այն թեկնածուն, որը կկարողանա Դեմոկրատական կուսակցության թեկնածուին լուրջ դիմադրություն ցույց տալ 2016-ի ընտրությանը: Իհարկե, այս մասով շտապել պետք չէ, քանի որ ԱՄՆ ընտրական բավական զարգացած տեխնոլոգիաների պետություն է և այնտեղ իրավիճակը կարող է փոխվել շատ արագ: Այսպես, թե այնպես, Քլինթոնի նախագահական ընտրապայքարի մասին որոշումն ու նրա բավական բարձր գնահատվող շանսերը լիովին փոխում են ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հավանականության մասին տեղեկատվության միջավայրն ու ֆոնը: Առավել ևս, որ այդ իմաստով Հիլարի Քլինթոնը կարծեք թե ժամանակին հաղթահարել է մի շատ կարևոր արգելք: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր առաջին անգամ չէ, որ պետք է այցելի: Ավելին, նրա առաջին այցը եղել է պաշտոնավարման ընթացքում, երբ նա Պետքարտուղար էր և տարածաշրջանային այցով եղավ Երևանում: Հիլարի Քլինթոնն այցելեց Ծիծեռնակաբերդ: Իհարկե, նրա այցը բնորոշվեց որպես անձնական այց, այսինքն` ոչ պաշտոնական, սակայն հասկանալի է, որ նման բնորոշումների տակ տվյալ դեպքում տեղավորվում է իրական քաղաքականությունը: Եվ այս տեսանկյունից, իհարկե, Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ նոր նախագահի հավակնորդը, ապրիլի 24-ի մասով իր որոշման հարցում կարող է լինել շատ ավելի անկաշկանդ, քան եթե նրա այցն առաջին անգամը լիներ: Եվ նման իրավիճակում էլ, իհարկե իրադրությունը շատ ավելի կտարբերվի այն ավանդական իրողություններից, որոնք արձանագրվում են նախագահական բոլոր ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ում, երբ հայկական համայնքին թեկնածուները խոստանում են արտասանել ցեղասպանություն բառը:
Այս դեպքում, թեկնածուն, փաստորեն, այցելում է Ծիծեռնակաբերդ, խոստանալու փոխարեն և սա լիովին փոխում է իրավիճակը: Մյուս կողմից, պետք է իհարկե նկատել, որ մի բան է պաշտոնավարման ավարտին մոտեցող Պետքարտուղարը, մեկ այլ բան է նախագահական պաշտոնը ստանձնելու գնացող նախկին պետքարտուղար թեկնածուն: Եվ այստեղ իհարկե կաշկանդող առաջին անգամվա արգելքը չկա, սակայն կա նախագահական հեռանկարով պայմանավորված խնդիրների և հանգամանքների մի հսկա բազմություն, որը պակաս չի կարող կաշկանդել Հիլարի Քլինթոնին: Սակայն, այսպես, թե այնպես, ակնհայտ է, որ նրա որոշումն իհարկե արտացոլելու է ոչ միայն զուտ նրա՝ որպես թեկնածուի և գործչի, կամ զուտ Դեմոկրատական կուսակցության, այլ երևի թե ԱՄՆ ընդհանուր քաղաքական վարքը հայոց ցեղասպանության ճանաչման և այս կոնտեքստում նաև միջազգային գործընթացների, մասնավորապես` Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի, այդ գործընթացներում Թուրքիայի և Հայաստանի դերի հարցում:
Այս տեսանկյունից, իհարկե, ԱՄՆ-ից ապրիլի 24-ին ընդառաջ հետաքրքիր մեսիջ է սպասվում, և նույնիսկ ավելի հետաքրքիր, քան այն, թե պաշտոնական ինչ պատվիրակություն ներկա կլինի այդ օրը Ծիծեռնակաբերդում:









































