Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որից հետևում է, որ Սիրիայի կառավարական զորքերը 2015թ. մարտին կարող էին կիրառած լինել թունավոր քիմիական նյութեր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպության տեղեկությամբ՝ խոսքը տակառային ռումբերի մասին է, որոնք կարող էին կիրառվել մարտի 16-31-ը Իդլիբ նահանգում հարձակումների ժամանակ:
Իրավապաշտպանների տվյալներով, որոնք վկայակոչում են փրկարար ծառայություններին, այդ հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 200 մարդ: Հարվածներից մեկի զոհ է դարձել 6 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա:
«Սիրիայի իշխանությունները նորից լիակատար արհամարհանք են ցուցաբերել մարդկային տառապանքների նկատմամբ՝ խախտելով քիմիական զենքի կիրառման գլոբալ արգելքը»,- հայտարարել է HRW-ի ներկայացուցիչ Նադիմ Հաուրին:
HRW-ում հիշեցնում են, որ թունավոր նյութերի կիրառումը խախտում է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան: Սիրիան Կոնվենցիային է միացել 2013թ. հոկտեմբերին:











































