Հյու Լորիին առաջարկել են խաղալ հակահերոսի դերը «Վաղվա օրվա Երկիրը» (Tomorrowland) ֆանտաստիկ ժապավենում, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ջորջ Քլունին, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի սյուժեի դետալները դեռ չեն հրապարակվում: Սակայն ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ֆիլմը նման է լինելու Սթիվեն Սփիլբերգի 1977թ. «Երրորդ աստիճանի սերտ շփումներ»-ին (Close Encounters of the Third Kind):
Ինչպես Սփիլբերգի ֆիլմում, այնպես էլ այս նոր ժապավենում խոսքը երկրային բնակչի ու այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին է:
Ֆիլմի սցենարի հեղինակը Դեյմոն Լինդելոֆն է՝ «Ողջ մնալ» (Lost) հեռուստասերիալը ստեղծողներից մեկը:
Ֆիլմի բեմադրմամբ կզբաղվի Բրեդ Բերդը, որը հայտնի է որպես մուլտֆիլմերի ռեժիսոր՝ «Ռատատույ», «Երկաթե մարդը»:
Հյու Լորիին մեծ ճանաչում բերեց «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալը, որը Fox հեռուստաընկերությամբ ցուցադրվել է 2004թ. նոյեմբերից 2012թ. մայիսը:







































