Հեռուստամեկնաբան Արտակ Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ես չգիտեմ ինչու և չգիտեմ ոնց մենք հասանք այն հանգրվանին, որ ծաղրածուներին սկսեցինք ոչ միայն լսել, այլև լուրջ ընկալել: Եթե առաջ Վարդան Սեդրակյանի հայտարարությունները քմծիծաղ էին առաջացնում, հետո ուղղակի զարմանք, հիմա արդեն զայրացնում են: Չէ որ դա վիրավորական է, երբ ամբողջ մի երկրի ճակատագրի հետ խաղում է մի բառի բուն իմաստով լկտի ապուշ, որն ընդամենը օգտվում է այն հանգամանքից, որ իրեն լուսաբանում են կարգավիճակի պատճառով:
Սա ժողովրդավարության այսպես կոչված «ոչ ցանկալի, բայց պարտադիր» հետևանքները չեն: Սա, անկեղծ, չգիտեմ ինչ է, բայց մի բան գիտեմ. վիրավորական է, վիրավորական է բազմաթիվ խելացի մարդկանց համար, ովքեր ուղղակի հետ քաշված հետևում են այս թամաշային ու ձայն չեն հանում, վիրավորական է իմ ծնողների համար, որ Վարդան Սեդրակյանից հաստատ ավելի խելացի են, ավելի կիրթ, ավելի համեստ, ու երբեք իրենց թույլ չեն տվել խաղաղ երկրի ճակատագրի հետ:
Ինքս այս ընթացքում Վարդան Սեդրակյանին հյուր չեմ կանչել, այն պարզ պատճառով, որ հարգում եմ առաջին հերթին իմ լսարանը: Թքած, թե մոնիտորինգավորները ինչ կասեն, մասնագիտական ու մարդկային ինքնասիրությունն ավելի կարևոր է: Վարդան Սեդրակյանն այսօր չի իջնում էկրաններից ու վերնագրերից, որովհետև մենք բոլորս մեր խիղճն ու ամոթը կորցրել ենք: Ինչպես կարելի է այդ ծաղրածուին ընդհանրապես բանի տեղ դնել, ուր մնաց լուսաբանել: Ուր մնաց մեջբերել:
Այդ արկածախնդիրը խաղում է մի ամբողջ ժողովրդի ճակատագրի, գնահատականի, ինքնասիրության հետ, տակնուվրա է անում արժեքային համակարգը, նոր սերնդի առողջ ամբիցիաները, ընտրությունները դարձնում խեղկատակություն, իսկ քաղաքական պայքարը` մանկապարտեզի հանդեսի պես մի բան…: ՈՒ ամեն օր մի անհեթեթություն դուրս տալիս: Ու ամեն օր վիրավորում մարդկանց: Աստծու ամեն օր….»:









































