1882թ. այս օրը Պոլսում ծնվեց հայ մտքի ու գրականության հիշարժան դեմքերից մեկը՝ Հայկանուշ Մառքը:
Պոլսահայ գրականության մեջ իր կարևոր ներդրումն է ունեցել բանաստեղծ ու արձակագիր, հանդուգն հրապարակախոս Հայկանուշ Մառքը, որն արժանի տեղ է գրավում Սրբուհի Տյուսաբի, Զապել Ասատուրի, Զապել Եսայանի պես մեծանուն հայ կին գրողների շարքում։
Բանաստեղծական խոր զգացողության տեր գրող էր Մառքը, որը ոչ միայն հայ կնոջ հուզաշխարհը շնչավորող գրականություն է կտակել մեր ժողովրդին, այլև անխոնջ դրոշակիր է դարձել՝ հայ կնոջ իրավունքների պաշտպանությանը նվիրաբերելով իր գրիչն ու իմացական ուժերը։
Կրթությունն ստացել է Եսայան վարժարանում՝ աշակերտելով Զապել Ասատուրին: Երիտասարդ տարիքից նետվում է ազգային-հանրային գործունեության ասպարեզ՝ մի կողմից կնոջական իր ներաշխարհը թրթռացնող քերթվածներ ու արձակ էջեր լույս ընծայելով, մյուս կողմից ՝ 20-րդ դարասկիզբի հայ իրականության մեջ կնոջ իրավունքներու պաշտպանության և ընկերային խնդիրների արծարծմանը նվիրվելով։
Հայկանուշ Մառքի գրական ստեղծագործությունները՝ արձակ բանաստեղծություններ ու պատմվածքներ, հավաքված ու առանձին հատորով լույս են տեսել «Ծուլութեան պահերէս» խորագրի ներքո, իսկ «Ծփանքներ կեանքէս» խորագրով հատորում նա ներկայացնում է իր ինքնակենսագրությունը:
Մահացել է 1966թ. մարտի 7-ին Պոլսի Ազգային հիվանդանոցում:









































