Ապրիլի 8-ին Մեքսիկայի սենատում բացվել է ցուցահանդես, որը կրում է «Հայաստան. Ժայռերի առեղծվածը» խորագիրը։ Այս մասին հայտնում է Massis Post-ը։ Այն նվիրված է հայկական քաղաքակրթության անկյունաքարերին։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր Մեքսիկայի սենատի արտաքին հարցերով կոմիտեի և երկրում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ։
Միջոցառմանը մասնակցել են Մեքսիկայում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, մեքսիկացի խորհրդարանականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ։
Բացման խոսքում դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է հայկական քաղաքակրթության գլոբալ նշանակությանը, կարևորություն տվել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Հեռավոր Ասիայում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված մի քանի տասնյակ երկրների ջանքերին, ինչպես նաև դատապարտել բարբարոսությունը ԴԱԻՇ-ի և Ադրբեջանի կողմից համընդհանուր մշակութային ժառանգության նկատմամբ։ Բացման արարողությանը ցուցադրվել է տեսանյութ՝ Ժիրայր Դադասյանի կողմից հայկական այբուբենի ներկայացմամբ։










































