Apple ընկերությունն ապրիլի 10-ից սկսել է Apple Watch «խելացի ժամացույցների» նախնական պատվերների ընդունումը՝ հայտնում է The Wall Street Journal-ը: Վաճառքի սկիզբը ապրիլի 24-ին է: Նախնական գրանցմամբ սարքը փորձել հնարավոր կլինի ընկերության խանութներից մեկում:
Reuters-ի սոցհարցումից ելնելով՝ «խելացի ժամացույցը» բավական բարդ կլինի վաճառել. հարցված ամերիկացիների 69%-ը նշել է, որ բոլորովին հետաքրքրված չէ այն գնելով:
Ժամացույցը ներկայացվել է մարտի սկզբին: «Սպորտային» տարբերակի նվազագույն արժեքը 349 դոլար է, վարդագույն ոսկուց «պրեմիումը»՝ 17 հազար դոլար: «Խելացի ժամացույցն» առաջինը գնելու հնարավորություն կունենան Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Կանադայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի բնակիչները:












































