Սպիտակ տան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Կանադայի միջև Keystone XL նավթատարի կառուցման: Ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դերիլ Հաննան, ակտիվիստ Բիլ Մաքիբենն ու իրավապաշտպան Ջուլիան Բոնդը: Ցուցարարները փորձել են իրենց շղթայել Սպիտակ տան ցանկապատին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ցույցի մասնակիցներն Օբամայի վարչակազմից պահանջել են արգելել նավթատարի շինարարությունը: Նրանց կարծիքով՝ դա կհանգեցնի շրջակա միջավայրի աղտոտման:
Նախագծի օպերատոր «Տրանս-Կանադա» ընկերությունը փոխել է շինարարության ծրագիրը, սակայն կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ:
Քանի որ խողովակատարի մի մասը պետք է անցնի ԱՄՆ-ի տարածքով, առանց այս երկրի համապատասխան որոշման հնարավոր չէ դրա շինարարությունը: Սպասվում է, որ ԱՄՆ-ը իր որոշումը կհրապարակի մոտ ժամանակներս:







































