Ապրիլի 8-ի հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ եթե իրենց առաջադրած երեք պահանջները չիրականացվեն, ապա այդ օրը կլինի ժողովրդի և իշխանության ջրբաժանի օր, իսկ եթե իրականացվեն` երկխոսության:
Սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի գնահատմամբ, այդ ջրբաժանը վաղուց է եղել և քանի գնում խորանում է, իսկ երկխոսությունն, իհարկե, կօգնի. «Բայց ես խիստ կասկածում եմ, որ 28-ին կամ դրանից հետո էական փոփոխություններ լինեն: Որպես կանոն, նման վերջնագրեր եղել են բազմիցս, բայց, ցավոք սրտի, փորձը ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվում»:
«Ժառանգության» դիրքորոշմանն անդրադառնալով` Պողոսյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը փորձում են իրար մեջ կիսել դաշտը. «Իրականում այդ ամենը ոչ թե հասարակության կարծիքն է, այլ իրենց ներքին քաղաքական տեղաբաշխման խնդիրն է»:
Պողոսյանի խոսքերով, ընդդիմության միավորման մասին խոսակցություններն անիմաստ են, քանզի այն մասը, որը ցանկացել է միավորվել, արդեն իսկ դա արել է` ի դեմս ՀԱԿ-ի, իսկ մնացածները, ըստ երևույթին, միավորվելու անհրաժեշտություն չեն տեսնում, և չեմ կարծում, որ դա ինչ-որ մեծ նշանակություն է ունենալու ընտրությունների ժամանակ: