Երեկ վաղ առավոտից բերման ենթարկվեցին Հիմնադիր խորհրդարանի պատասխանատու անդամները: Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով են իրավաչափ ոստիկանության գործողությունները, կա՞ն արդյոք բերման ենթարկելու համար հիմքեր, նշեց, որ թեև մեծ տեղեկատվություն չունի հիմքերի վերաբերյալ, բայց քանի որ իշխանություններն են իրականացրել, կանխավարկածն ապօրինի է:
«Ոչ լեգիտիմ ցանկացած իշխանություն այդպես է վարվելու, իսկ այս իշխանությունը ոչ լեգիտիմ է: Այն, ինչ արեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ապօրինություն էր, այն, ինչ անում են այս կառույցի հետ, ևս ապօրինություն է: Ես լսեցի, որ խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ հանձնած չեն եղել, ինչն անօրինական է: Բերման ենթարկելու համար պետք է լինի կոնկրետ հանցագործության կատարման պահին ձերբակալելու անհրաժեշտություն, կամ պետք է ուղղակի ծանուցեն կարգավիճակի վերաբերյալ, և այդ անձը պետք է ներկայանա ոստիկանություն, իսկ եթե չի ներկայանում, կայացվի նրան բերման ենթարկելու որոշում: Այս պարագայում արարողակարգը չի պահպանվել, ինչը ապօրինի է»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Նրա կարծիքով՝ սա հերթական հետապնդումն է, որ իրականացվում է քաղաքական միավորման հանդեպ:
Հարցին՝ բերման ենթարկվածները արդյոք ազատ կարձակվե՞ն ապրիլի 24-ից հետո, Արտակ Զեյնալյանը նշեց՝ կարևորը դա չէ, այլ այն, որ ապօրինությունը կշարունակվի, քանի որ իրավունքի խախտման զոհերի իրավունքը չի վերականգնվի այնպես, ինչպես Մարտի 1-ին ձերբակալվածների և դատապարտվածների պարագայում էր, որոնք շարունակում են իրավունքի խախտման զոհ մնալ:
Նրա խոսքով՝ ռեժիմը իր անվտանգությունը պահպանելու խնդիր ունի, որովհետև լեգիտիմ չէ։ Լեգիտիմ իշխանությունն է, որ նման խնդիր չունի, որովհետև ժողովրդի կողմից ընդունված է, և որևէ մեկը նրան փոխելու մտադրություն չի ունենում այլ կերպ, քան ընտրությունների միջոցով:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































