Ռուսաստանը Հայաստանի համար առաջին տնտեսական և առևտրային գործընկերն է և Հայաստանում գլխավոր ներդրողը: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նախօրեին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը արտաքին քաղաքական համակարգման և միջազգային հարթակներում համագործակցության հարցերի կողքին նախատեսում ենք քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը, մեր երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, կարծիքներ փոխանակել մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ,- ասել է նա:- Իհարկե, կքննարկենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը»:
Նալբանդյանը հայտնել է, որ իր այցի շրջանակում կհանդիպի նաև Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: «Համոզված եմ, որ, ինչպես միշտ, բանակցությունները և հանդիպումները կլինեն արդյունավետ, ուղղված հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդմանը»,- հավելել է նախարարը:
Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա հիշեցրել է, որ երկու պետությունների միջև գոյություն ունի ամուր իրավական-պայմանագրային բազա՝ շուրջ 250 համաձայնություններ ու պայմանագրեր: «Ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում սերտ համագործակցությունը կարևոր գործոն է մեր անվտանգության ապահովման գործում: Հաջող կերպով զարգանում է համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունները, էներգետիան, այդ թվում ատոմային էներգիան, լեռնարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, բանկային սեկտորը, գյուղատնտեսությունը:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի համար առաջին տնտեսական և առևտրային գործընկերն է և Հայաստանում գլխավոր ներդրողը: «Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության երկարատև ծրագիր՝ մինչև 2020թ.,- ասել է նա:- Նման փաստաթուղթ մենք ունենք միայն Ռուաստանի հետ. դրա գոյության փաստը միայն վկայում է այն մասին, որ մեր տնտեսական հարաբերությունները բացառիկ բնույթ են կրում»:
Բացի այդ, Նալբանդյանը համոզված է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության առաջ բացում է նոր հնարավորություններ հետագա ընդլայնման և տնտեսական ու առևտրային հարաբերությունների խորացման համար:
Հայաստանի արտգործնախարարը հարցազրույցում խոսել է նաև Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի և հայ ժողովրդի դերակատարության մասին:
«Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը հատուկ է հայ ժողովրդի համար, ինչպես որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, որոնք իրենց վճռական ներդրումն են ունեցել ֆաշիզմի տապալման գործում,- ասել է նա:- Չկա այնպիսի հայ ընտանիք, որին դիպչած չլինի այդ պատերազմը»:
Նախարարը նշել է, որ շատ հայեր իրենց կյանքն են տվել ընդհանուր հաղթանակի համար, շատերը հերոսացել են. ավելի քան 100 մարդ արժանեցլ է Խորհրդային Միության հերոսի բարձ կոչման: «Ոչ միայն Խորհրդային Հայաստանի, այլև սփյուռքի հայերը առաջին շարքերում են կանգնած եղել ֆաշիզմի դեմ պայքարում: Վառ օրինակ է Միսաք Մանուշյանը՝ ֆրանսիական Դիմադրության առաջնորդներից մեկը»,- ասել է Նալբանդյանը:
Նախարարը հատուկ նշել է, որ «անհրաժեշտ է հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, հարգել զոհերի հիշատակը, չմոռանալ նրանց սխրանքները, ովքեր կանգնել են հանուն հաղթանակի»: «Անհրաժեշտ է միավորել միջազգային հանրության ջանքերը նոր մարտահրավերների և սպառնալիքների առաջ՝ կանխելու համար նոր ավերիչ պատերազմների կրկնության հնարավորությունը»,- ընդգծել է նախարարը:









































