Սիրիայում զինված ընդդիմադիրները պղծել են միջնադարյան արաբ հայտնի բանաստեղծ Աբու Ալա Ալ-Մաարիի արձանը (Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի նախատիպը.-1in.am):
Աբբասյան ժամանակաշրջանի հայտնի գրականագետ և փիլիսոփա Աբու Ալա Ալ-Մաարիի արձանը տեղակայված է եղել նրա հայրենի քաղաքում Մաարաթ Ալ-Նումանում՝ Դամասկոսից 210 կմ հյուսիս-արևմուտք: Ընդդիմադիրները պոկել են արձանի գլուխը, իսկ քանդակի մնացած մասը վնասված է փամփուշտներով,- հաղորդում է Vesti.ru-ն:
Լիբանանցի իրավապաշտպան Յուսեֆ Մուավադը համարում է, որ բարբարոսության այս գործողությունը կատարվել է ի նշան վրեժի՝ փիլիսոփա բանաստեղծի «ազատ մտածելակերպի» համար:
Աբու Ալա Ալ-Մաարին հայտնի է որպես պալատային բանաստեղծ Ալ-Մութանաբիի աշակերտ: Նա վաղ հասակում կուրացել է, սակայն դա չի խանգարել նրան կրթություն ստանալ և գրել ավելի քան 30 գիրք և տրակտատ: Նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Ներման ուղերձը»: Բանաստեղծի արվեստի ուսումնասիրողները պնդում են, որ Դանթեն, որն իմացել է արաբերեն, հիացած է եղել այս ստեղծագործությամբ և մասամբ փոխառել է դրա կառուցվածքն իր «Աստվածային կատակերգություն»-ում:
Հիշեցնենք, որ անցած երկուշաբթի Սիրիայի հյուսիսում գործող զինված ընդդիմությունը ավերել էր սուրբ Մարոնի արձանը, որը համարվում է մարոնի արևելյան եկեղեցու հովանավորը:






































