Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) համալսարանը մի գիրք է պատրաստել, որով փորձում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: «Հայկական հարցը՝ Ռուսական կայսրության փաստաթղթերում (1912-1917)» գիրքը պատրաստել է Էրզինջանի համալսարանի պատմության բաժնի դասախոս, դոցենտ Նատալիա Չերնիչենկինան, փոխանցում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:
Գրքի հեղինակները նշել են, թե «օգտվելով երրորդ երկրի արխիվներից և փաստաթղթերից՝ փորձել են Հայկական հարցի վերաբերյալ ավելի օբյեկտիվ մոտեցում ստանալ»: Համալսարանում նշել են, որ գիրքը հրատարակել են Հայկական հարցի 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Չերնիչենկինան գրքում օգտագործել է նաև Թուրքիայի պատմագիտական խորհրդի նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, Քեմալ Չիչեքի՝ թեմային վերաբերող աշխատանքները: Պետք է նշել, որ Հալաչօղլուն և Չիչեքը համարվում են Թուրքիայի ժամանակակից պատմագրության այն ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ժխտման դիրքերից, ունեն հայատյաց դիրքորոշում:
Ըստ հեղինակի՝ ինքն օգտվել է նաև ռուսական և վրացական արխիվներից:
«Հայկական հարցը՝ Ռուսական կայսրության փաստաթղթերում (1912-1917)» գիրքը լույս է տեսել 1500 օրինակով, այն միայն թուրքերեն է:










































