«Հրապարակ» թերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ:
– Պարոն Գևորգյան, որտե՞ղ եք Դուք և Ձեր ԵԱՄ-ն. վերջին շաբաթներին սահմանն անհանգիստ էր, իսկ ձեզանից ձայն-ծպտուն չլսվեց:
– ԵԱՄ-ն հասարակական հիմունքներով ռազմահայրենասիրական կառույց է՝ կանոնադրությամբ ամրագրված: Եվ մենք այս օրերին զբաղված ենք մեր կազմակերպության էլ ավելի ամրապնդման և հզորացման, բազում ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացմամբ: Ինչ վերաբերում է այդ միջադեպերին, չեմ կարծում, որ հասարակական կազմակերպություններն իրենք պատրաստ են ամեն մի միջադեպին մասնակցություն ունենալ, մասնակցությունը ոչ միայն կախված է կազմակերպության հնարավորություններից, այլև կոնկրետ սահմանների միջադեպերը կախված են նաև պետությունից, համապատասխան մարմիններից, գերագույն հրամանատարից, պաշտպանության նախարարությունից: Սահմանը մի այնպիսի բան է, որ կանոնակարգված ծառայություն է տեղի ունենում պետական մակարդակով, և ամեն անգամ չէ, որ կկարողանաս կամ քեզ թույլ կտաս մոտենալ սահմանին՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն ես:
Ամեն մի անհրաժեշտության դեպքում ԵԱՄ-ի անդամները եղել են սահմանում՝ թե ժողովրդին ոգևորելու գործում և թե սահմանները պահող զինվորի կողքին: Մեր ստեղծման օրից դեռ քիչ ժամանակ է անցել, բայց հասարակությունը երևի նկատել է նրա ակտիվությունը և նրա կայացած լինելու փաստը:
– Հասարակությունը միայն տեսել է, թե ինչպես Ծառուկյանն ամիսներ առաջ բեռով-բարձով ձեր միության տղաներին սահման ճանապարհեց, իսկ դրանից հետո դուք անհետ կորել եք: ԲՀԿ-ի լուծարումով լուծարվեց նաև Երդվյալ ազատամարտիկների միությո՞ւնը:
– ԲՀԿ-ի լուծարումով ԵԱՄ-ն լուծարման եզրին չի կանգնի, հակառակի մասին պնդողները ԵԱՄ-ի մասին պատկերացում չունեցողներն են: Նախ ԲՀԿ-ն, որպես կազմակերպություն, մնացել է իր տեղում, բայց, այո, ինչու չէ, Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստն իր դիրքից և ընդհանուր առմամբ որպես հիմնադիրի և կուսակցության նախագահի, ինքնըստինքյան կթողնի լուրջ հետքեր, և կուսակցությունը շատ ու շատ խնդիրների առումով կկանգնի գուցե դժվարությունների առաջ: Իսկ ԵԱՄ-ն չեմ կարծում, որ կհայտնվի ցնցումների առաջ, որը կազմակերպությանը կկանգնեցնի լուծարման առաջ: ԵԱՄ-ին, այո, իր օգնությունն է ցուցաբերել պարոն Ծառուկյանը, և դրա համար մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում որպես բարերարի, բայց որ ԵԱՄ-ի ծնունդն ու գոյությունը կապենք իր հետ, դա այդպես չի: ԵԱՄ-ն հիմնադրել եմ ես ինքս, իմ ընկերների հետ միասին, իմ անձնական ներդրումների հաշվին: Եվ անկախ Գագիկ Ծառուկյանի ցուցաբերած օգնությանը, ամենամսյա ներդրումներ եմ արել նաև ես: Այսօր թեպետ որոշ դժվարությունների առաջ կարող է կանգնենք, բայց դա երբեք առիթ չի կարող դառնալ կազմակերպության լուծարման: Նախաձեռնությունն իր հունի մեջ է, ոչ մի ցնցումնալի երևույթ չի ապրել, և նա իրագործում է իր առջև դրած բոլոր ծրագրերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։












































