Ամերիկյան Դեքեյթեր շրջանի (Ջորջիա նահանգ) դատարանը Chrysler ավտոկոնցեռնին պարտադրել է 4-ամյա տղայի ընտանիքին վճարել 150 մլն դոլար։ Ընկերության արտադրած Jeep Grand Cherokee-ում եղած տղան ավտովթարի արդյունքում մահացել էր։ Այս մասին հայտնում է TASS-ը:
Համաձայն երդվյալ ատենակալների կողմից ընդունված վճռի՝ ավտոկոնցեռնը դրսևորել է «բացահայտ արհամարհանք» իր հաճախորդների կյանքի նկատմամբ, երբ Բեյնբրիջ քաղաքից Ուելդոնների ընտանիքին է վաճառել 1999թ. արտադրության մեքենա՝ բենզաբաքով, որն ամրացված է եղել հետևի կամրջակին:
Վթարի ժամանակ հարվածը դիպել էր հենց բենզաբաքին, և տեղի էր ունեցել պայթյուն, և փոքրիկը փրկվելու ոչ մի շանս չէր ունեցել:
Երդվյալ ատենակալները վճռել են, որ տղայի մահվան մեջ 99 տոկոսով մեղավոր է ավտոկոնցեռնը, որը պատրաստել է նման մոդել ու ընտանիքի անդամներին չի նախազգուշացրել նման կոնստրուկցիայի վտանգավորության մասին:









































