ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայում հայ կանանց հանդեպ իրականացվող բռնություններին և սպանությանը, կարծիք հայտնեց, որ նման հայահալած քաղաքականության գլխավոր պատասխանատուն ամենաառաջին հերթին Թուրքիայի իշխող ուժն է:
«Նման բռնություններին արձագանքեց միայն ոստիկանությունը՝ այն էլ ներկայացնելով որպես գողություն, իսկ իշխանությունը ոչ մի բառ չասաց այդ մասին: Այո՛, պարզ է, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է հանցագործներին բացահայտելու համար, բայց կարևորն այստեղ իշխանությունն է, որը ոչ մի կերպ չի արձագանքում այդ դեպքերին:
Ոմանք սա կապում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին իշխանության հովանավորությամբ ստեղծվող հակահայ մթնոլորտի հետ: Ինչևէ, սա մտահոգիչ է, ոչ մի հայ այսօր Թուրքիայում չի կարող անվտանգ ապրել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ բացի Ստամբուլում հրատարակվող հայկական թերթերի հրապարակումներից՝ մենք այստեղ պետք է պարբերաբար բարձրացնենք խնդիրը և թույլ չտանք, որ նման դեպքերը շարունակական բնույթ կրեն. «Պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք, չեմ ասում՝ ծեծենք ու սպանենք հանցագործներին, բայց որ պատասխանատուն իշխանությունն է՝ դա փաստ է, և մենք չպետք է լռենք: Հասարակ մի բան ասեմ՝ այն մարդը, ով Հրանտ Դինքին մեղադրում էր, այսօր դարձել է մարդու իրավունքների պաշտպան, իսկ դա արդեն խոսուն փաստ է»:
Բանախոսը համաձայն է այն տեսակետի հետ, որ այսօր Թուրքիայում հայ կանանց հանդեպ իրականացվող հալածանքները կապված են Ցեղասպանության տարելիցի հետ: Մանոյանը, որպես դրա ապացույց, մատնանշեց այն հանգամանքը, որ Թուրքիայի հայաշատ համայնքներում, Թուրքիայի ամենատարբեր փողոցներում ավելացել է Էնվերի և Ցեղասպանություն իրականացրած այլոց արձանների, նրանց անունները կրող փողոցների թիվը՝ այն դեպքում, երբ հայերն անցնում են այդ փողոցներով կամ ապրում են հենց այդ փողոցներում»:
Կիրո Մանոյանը դրական գնահատեց հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն նշեց, որ չպետք է երկրի նախագահն օգտագործեր «Ցեղասպանությո՞ւն, թե՞ Մեծ եղեռն՝ ի՞նչ տարբերություն» արտահայտությունը. «Նման սխալներ չպետք է թույլ տալ, վերջիվերջո՝ երկրի նախագահն է, իսկ դրա արձագանքը մենք լսեցինք նույնիսկ Վաշինգտոնից»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































