ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը նորից կարող են հայտնվել ամենահարուստ ռուսների ցուցակում: Forbes ամսագիրը գրում է, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի մոտ 2 մլրդ դոլարի ակտիվներ է գտել:
Quadrum Global ընկերությունը ղեկավարում է Quadrum Atlantic SPC հիմնադրամը, հիմնադրամի ներդրողների մեջ նշվում են 6 տրաստներ Գերնսի կղզուց, որոնք պատկանում են ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին:
Forbes-ի տեղեկությամբ՝ Միխայիլ Խոդորկովսկուն է պատկանում Corbiere Trust-ը, Պլատոն Լեբեդևին՝ Mensa Trust-ը, Վլադիմիր Դուբովին՝ Draco Trust-ը և Dolphin Trust-ը, Միխայիլ Բրուդնոյին՝ Aquarius Trust և Auriga Trust հիմնադրամները:
Quadrum Global-ին են պատկանում 2 մլրդ դոլարի ակտիվներ, ներառյալ՝ անշարժ գույք ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Վիետնամում, Ուկրաինայում և Վրաստանում: Ընկերությանն են պատկանում 9 հյուրանոց, գրասենյակներ Նյու Յորքի և Լոնդոնի կենտրոնում: Ընկերությունը նաև առևտրի կենտրոն ունի Թբիլիսիում, լոգիստիկ կենտրոն Կիևի արվարձաններում, ինչպես նաև բնակելի անշարժ գույք Հոշիմինում:
Պարբերականը նշում է, որ Quadrum Global-ի ակտիվները 4 բիզնեսմենների վրա բաշխելու դեպքում նրանք նորից կընդգրկվեն ամենահարուստ ռուսների թոփ 200-ում:








































