Երկրի ուղեծիր է դուրս բերվել Landsat Data Continuity Mission (LDCM) արբանյակը: Այս մասին հայտնում են NASA-ում:
NASA-ի ներկայացուցիչների տվյալներով՝ արձակման վերջնական հաջողության մասին կարելի կլինի խոսել միայն 2013-ի մայիսին, երբ սարքը կանցնի բոլոր թեստերն ու կզբաղեցնի իր համար հաշվարկված տեղը՝ 704.8 կմ բարձրության վրա, և կսկսի տեղեկություններ փոխանցել:
«Ատլաս-V 401» կրիչ հրթիռն արձակվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի՝ Վանդենբերգում (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող օդային բազայից՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Գիտնականները հույս ունեն, որ LDCM-ը «նոր սուր աչք կունենա և Երկրի վրա տեղի ունեցող բնական գործընթացներին հետևելու հարցում հավատարիմ օգնական կդառնա տիեզերքում»:
Landsat Data Continuity Mission-ն արժե ավելի քան 850 մլն դոլար: NASA-ն այս նախագիծն իրականացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հետ համատեղ:










































