«Առավոտը» խմբագրականում գրում է. «Բուլատ Օկուջավան մի երգ ունի՝ նավաստիների մասին: Իմաստը հետևյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը՝ ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով՝ ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած: Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ՝ ծովում փոթորիկներ են լինում, նավը կարող է խորտակվել, նավաստիներն էլ հետը: Իսկ չի՞ կարելի արդյոք ծառայել ցամաքում, բայց ման գալ ժապավեններով զարդարված գեղեցիկ գլխարկներով:
Այդ երգը ես հիշեցի՝ մեր բիզնեսմենների, քաղաքական և պետական գործիչների վարքի հետ կապված: Մի կողմից՝ իրենց կյանքում, կենցաղում կան հաճելի բաներ՝ փողեր, «պադավատներ», առանձնասենյակներ, քարտուղարուհիներ, ինչպես նաև՝ կախյալ մարդկանց վախեցած աչքեր: Հավանաբար, հենց դրա համար էլ նրանք ձգտում են այդ բիզնեսներին և պաշտոններին՝ մանավանդ որ, ինչպես հայտնի է, մեզ նման երկրներում մեկը մյուսի հետ կապված է: Բայց մյուս կողմից՝ կան որոշակի անհարմարություններ, մասնավորապես, լրագրողները կարող են տհաճ հարցեր տալ, կարող են հետաքրքրվել քո հարստությամբ, կարող են պարզապես քո սուտը բռնել: Օրինակ՝ 150 հազար դրամանոց բազմաթիվ թափուր տեղերի մասին: Նման անհարմարությունների հետ պետք է հաշտվել՝ ուրիշ ճար չկա: Ամենախոհեմ վարքն է նման դեպքում՝ լսիր այդ տհաճ խոսակցություններն ու հարցերը, հետո վերցրու քո «աղանձը», քաշվիր քո անկյունը և սուսուփուս ծամիր այն:
Բայց մարդը մնում է մարդ, նա համ «ժապավեններն» է ուզում, համ էլ չի ցանկանում ծով դուրս գալ: Հենց այդ պատճառով էլ հենց որ նրանց մի տհաճ հարց ես տալիս, առաջին միտքը, որը ծնվում է նրանց ոչ այնքան պայծաո գլուխներում, հետևյալն է՝ «էս ո՞վ է իմ չուզողը, որ իմ վրա գործ է տվել, հաստատ իմ թիմից է, հաստատ ես նրան ամեն օր բարևում եմ, ժպտում եմ, ձեռքն եմ սեղմում, իսկ նա…», և նման պարանոյիկ մտքեր: Առաջին հարցը, որը նրանք, ի պատասխան հարցի, տալիս են, մոտավորապես այսպիսին է՝ «իսկ դա Ձեզ ո՞վ է ասել»: Որից հետո զալիս է միանշանակ եզրակացություն՝ «Ես գիտեմ՝ դա ում պատվերն է»: Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել՝ ասել են՝ ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը: Դա իսկական տոն էր մեր օլիգարխների և պաշտոնյաների համար՝ նրանց ձեռքը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին: Նույն եվրոպացիները հետո բացատրեցին, որ դա վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանվելու, ոչ թե թերթերի վրա հարձակվելու զործիք է: Թե որոնք են այս ոլորտում Եվրոպայում ընդունված իրավական մեխանիզմներն ու նախադեպերը՝ մի քանի տասնյակ անգամ պարզաբանել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Կարծես թե որոշ ժամանակ անց «ժապավեններ կրողները» սկսեցին դա հասկանալ: Բայց վերջերս «3 միլիոնի վիրավորվելը» կրկին սկսել է այդ շրջանակներում նորաձև դառնալ: Միևնույն է՝ «ծով դուրս չգալը» չի ստացվի»:






































