Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը չգիտի, թե «նորաթուխ բլոգեր» ձևակերպմամբ ում է նկատի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր «Մեդիա կենտրոն» նախագծի բացման ասուլիսին, լրագրողների խնդրանքով, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը նաև անդրադարձավ նախընտրական գործընթացներին: Դեսպանը նշեց, որ շատ գնահատականներ չի կարող տալ նախընտրական գործընթացների վերաբերյալ, այլ բան չի կարող ասել, բացի նրանից, որ ամեն ինչ կատարվել է իրավական գործընթացներին համահունչ:
«Պետք է ասեմ, որ բավական գայթակղիչ է մեկնաբանություններ տալ քարոզարշավի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է: Միջազգային դիտորդների կողմից ներկայացված միջանկյալ զեկույցը կարևոր դրույթներ էր պարունակում: Կշարունակենք հետևել գործընթացներին, միջազգային դիտորդների վերջնական զեկույցին»,- նշեց Ջոնաթան Էյվսը՝ կարևորելով Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը:
Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ դեսպաններից մեկին ուղղված արտահայտությունը՝ «նորաթուխ բլոգեր», Էյվսը պատասխանեց, որ չի կարծում, թե կարող է մեկնաբանել այդ հարցը այն ձևակերպմամբ, որով տրվում է, որովհետև իր համար պարզ չէ, թե նախագահն ում նկատի ուներ:
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարարության հայտարարությանը՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին ի պատասխան, նա ասաց, որ իր դերակատարության շրջանակում չէ քննարկել Հայաստանի և որևէ այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչության միջև հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քննադատական գնահատականներ էր հնչեցրել իր ձևակերպմամբ՝ «օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետի» հասցեին։
«Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երևույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել,- Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիմելով նախընտրական հանդիպման եկածներին՝ ասել էր Սերժ Սարգսյանը։- Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձևակերպում է որպես նորաթուխ բլոգեր»։
Այս արտահայտությամբ, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին, որը բլոգի միջոցով հայ հանրության հետ շփվելու սովորություն ունի: Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից առաջ նա սուր քննադատություն էր հնչեցրել իշխանության հասցեին:










































