Ըստ սոցիոլոգների՝ ԱՄՆ-ում հստակորեն դրսևորվում է, այսպես կոչված, «Ֆրանցիսկոսի էֆեկտը»: Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ իրենց «ամուր հավատի» մասին խոսող կաթոլիկների թիվը զգալիորեն աճել է Հռոմի պապի ընտրվելուց ի վեր: Այս մասին հայտնում է Kipa-Apic-ը:
Ամերիկացի կաթոլիկների թիվը, որոնք հարցման ընթացքում ասել են, որ «ամուր հավատ» ունեն Եկեղեցու հանդեպ, 2012 թ. 27%-ից աճել է մինչև 34%-ի` 2013 թ., երբ ընտրվել է Ֆրանցիսկոս պապը:
Կաթոլիկների համար դրական է նաև «պահպանման գործոնը», որը ցույց է տալիս, թե կրոնական ընտանիքներում դաստիարակված երեխաների որ մասն է մեծանալով հավատարիմ մնում Եկեղեցուն: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 2014 թ. ԱՄՆ-ի կաթոլիկ համայնքում այդ գործոն կայունացել է, մինդեռ 1970-ական թվականներից սկսած` այն աստիճանաբար նվազել էր: Երկրի մյուս քրիստոնեական դավանանքների դեպքում այդ ցուցանիշը շարունակում է նվազել:
Միևնույն ժամանակ, վիճակագրությունը չի գրանցում պատարագներին հաճախությունների աճ: Սոցիոլոգների կարծիքով՝ դա վկայում է, որ «Ֆրանցիսկոսի էֆեկտը» հիմնականում վերաբերում է այն կաթոլիկներին, որոնք պարբերաբար եկեղեցի են գնում:
Այդ միտումը մինչև վերջ հասկանալու համար պետք է ևս մեկ կամ երկու տարի լրացուցիչ սոցիոլոգիական հարցումներ կատարել, նշում են մասնագետները:
Վերջերս հասարակական կարծիքի հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆրանցիսկոս պապն ԱՄՆ-ում մեծապես սիրված է: Փորձագտները կարծում են, որ այդ երկիր պապի` սեպտեմբերին նախատեսվող այցից հետո նրա հանդեպ համակրանքն ավելի կմեծանա:










































