1829թ. Ֆատհ-Ալի շահի հրոսալների հարձակմանը Թեհրանում զոհ գնաց Իրանում Ռուսաստանի դեսպան, գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Գրիբոյեդովը ծնվել է 1795թ. հունվարի 15-ին Մոսկվայում, 1810թ. ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների (1825-ի դեկտեմբերին ինքնակալության դեմ ապստամբած ռուս հեղափոխականներ) հետ: 1815թ. բեմադրել և հրատարակել է իր առաջին գործը` «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունը:
1818թ. նշանակվել է ռուսական դիվանագիտական առաքելության քարտուղար Պարսկաստանում:
1822թ. Թիֆլիսում եղել է ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական գրասենյակի քարտուղար: Այստեղ էլ սկսել է գրել «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որն ավարտել է 1824-ին Սանկտ Պետերբուրգում:
1828թ. մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, ապա նշանակվել դեսպան Պարսկաստանում: Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետով, որը մտցվել է Գրիբոյեդովի ջանքերով, պարսկահայերին թույլատրվել է վերադառնալ հայրենիք: 50 հազար պարսկահայեր, ըստ այդ պայմանագրի, ներգաղթել են Հայաստան:
Գրիբոյեդովի դին Հայաստանով տեղափոխել են Թիֆլիս. Ճանապարհին՝ Դվալի (այժմ` Պուշկինի) լեռնանցքում, Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է նրանց: Հետագայում այնտեղ կանգնեցվել է աղբյուր-հուշարձան: Գրիբոյեդովի ողբերգական մահվան առիթով Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել:
Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունում (գրաքննության արգելքի պատճառով տարածվել է ձեռագիր և մեծ արձագանք գտել գրական շրջանակներում) արծարծված են ռուսական կյանքի սոցիալ-քաղաքական խնդիրները, որոնք ավելի սրվել էին 1812–1824թթ.:
Գրիբոյեդովը քաջածանոթ էր հայ ժողովրդին և հայոց պատմությանը: Պահպանվել է նրա «Ռոդամիստ և Զենոբիա» ողբերգության պլանը, ըստ որի` գործողությունը կատարվում է Հայաստանում և Վրաստանում: 1819-ի փետրվարին եղել է Երևանում, ծանոթացել երկրի և ժողովրդի կացությանը, այցելել Էջմիածնի վանք, մատենադարան, տպարան, դպրոց:
Լինելով Իվան Պասկևիչի բանակի դիվանագիտական գրասենյակի ղեկավարը՝ մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը, պարգևատրվել «Երևանի գրավման համար» մեդալով:
Գրիբոյեդովի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, կանգնեցվել է նրա հուշարձանը:









































