Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցները հայտարարել են, որ պատրաստել են երկրի նոր սահամանադրության նախագիծ: Երկրի Բարձրագույն ժողովրդական կոնգրեսի ղեկավար Մուհամադ Զվային հայտարարել է, որ այդ փաստաթղթի սևագիր տարբերակն արդեն պատրաստ է: Իսկ Լիբիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալիդ Քայիմն էլ հույս է հայտնել, որ փաստաթուղթը մոտ ժամանակներում կընդունվի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սակայն հեղինակներն այդպես էլ չեն ներկայացրել, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում Լիբիայի կառավարման համակարգում: Միայն նշվել է, որ Լիբիայի ժողովուրդը շարունակում է վստահել Մուամար Քադաֆիին և ցանկանում է նրան տեսնել իբրև երկրի ղեկավար:
Տեղեկացնենք, որ Լիբիան չունի Սահմանադրություն, իսկ Քադաֆիի այն հայտարարությունը, թե սխալ է իրեն հրաժարականի պահանջ ներկայացնել, քանի որ ինքը ոչ մի պաշտոն էլ չունի, համապատասխանում է իրականությանը: Ձևական տեսակետից, Լիբիայում երկրի ղեկավարի պաշտոնը պատկանում է Բարձրագույն ժողովրդական կոնգրեսի նախագահին:









































