Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան արձագանքել է երկրի վարչապետի` այսօրվա հայտարարությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Վարչապետ Ղարիբաշվիլին չգիտի, թե ինչ է քաջությունը, և չգիտի, թե ինչ է սպեկուլյացիան: Նրա համար ճշմարտությունն ասելը սպեկուլյացիա է, և քաջություն է համարում, երբ ձերբակալում են անմեղ մարդկանց և դատախազությունն օգտագործում քաղաքական ճնշման համար: Ես վարչապետի համար ևս մեկ պարզաբանում կանեմ օտարերկրյա բառերի բացատրական բառարանից և նրան կասեմ, որ պետությանը պաշտպանական զենքի փոխանցմանը խոչընդոտելը վնասարարություն է: Հարցը, բնականաբար, պետական կարևորության է, և, բնականաբար, ես չէի խոսում և չեմ խոսի դրա տեխնիկական մանրամասների մասին, բայց փաստ է, որ որոշման ընդունման խոչընդոտ է ստեղծվել: Դրա համար նա ստիպված կլինի պատասխան տալ ապագայում»,- ասել է Ալասանիան:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հայտարարությունը, օդային պաշտպանության մասին հուշագրի ստորագրման հետ կապված, «անբարոյական սպեկուլյացիա է»:
Ալասանիան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ, որպես պաշտպանության նախարար, Փարիզ իր վերջին այցի ժամանակ իրեն զանգահարել է Մինդիա Ջանելիձեն և պահանջել օդային պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր չստորագրել:
«Ալասանիայի հայտարարության հետ կապված՝ ես չէի պատրաստվում մեկնաբանել այդ թեման: Կարծում եմ՝ պարոն Մինդիան արդեն պատասխանել է դրան: Կարծում եմ՝ նման հարցի քաղաքականացումը և այդպիսի թեմաներով սպեկուլյացիան բավական անբարոյական է: Ես չէի ուզենա այդ թեմայով որևէ հայտարարություն մեկնաբանել: Կարծում եմ՝ պետական կարևորության այդպիսի գաղտնի հարցերով սպեկուլյացիան համարձակ մարդկանց գործ չէ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղարիբաշվիլին:










































