ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ, օրեր առաջ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանն առայժմ գնում է ՀՀ նախագահական ընտրությունների երկշաբաթյա երկարացման: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Հարցին, թե հնարավո՞ր է նաև դիմի ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով, պատասխանեց, որ սկզբնական փուլում, հաշվի առնելով այն, որ հանցագործները բացահայտված չէին, կտրականապես բացառել էր նոր ընտրությունների հնարավորությունը, հետաձգելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ հիմա էլ մնում է հակված այդ տեսակետին:
«Բայց գիտենք, որ կալանավորված մարդիկ կան, մնում է, որգտնեն պատվիրատուներին և այդ պատվիրատուների պատվիրատուներին: Այդ դեպքում ես կարող էի 100%-ով ասել, որ չէի շարունակի, բայց հիմա թույլ տվեք այս հարցի մասին փոքր ինչ վերապահումով խոսել: Նախ եղել եմ շատ վճռական, որ եստեռորիստների գործիքը չեմ դառնա, բայց երբ տեռորիստներն արդեն բացահայտված են, նշանակում է, որ իրավիճակը մի քիչ փոխվել է:
Առայժմ ես գնում եմ երկշաբաթյա երկարացման և կրկնում եմ, որ բացառված չէ, որ որոշակի իրավիճակում ես նույնիսկ դա չերկարացնեմ: Մեկ խնդիր էլ կա, որի մասին ես չէի ցանկանա խոսել, բայց ասեմ, որ երբ ես տեսնում եմ, որ քարոզարշավին մասնակցել չեմ կարողանում, երևի դա էլ կարող է պատճառ դառնալ, որ ասեմ. « այս անգամ էլ առանց ինձ», բայց դրա մասին չշտապեմ»,- մեկնաբանեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմեց ՍԴ իր դեմ իրականացված մահափորձը անհաղթահարելի խոչընդոտ ճանաչելու պահանջով: Չի բացառվում, որ ՀՀ նախագահական ընտրությունները հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով:





































