Իրանը ծրագրում է իր ապրանքների տարանցումն ընդլայնելու նպատակով նոր ուղիներ գտնել: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի քաղաքային զարգացման և ավտոճանապարհների հարցերով նախարարի տեղակալ Շահրիյար Աֆանդիզադեին:
Նա հավելել է, որ Իրանը ողջունում է այդ ուղղությամբ Թուրքիայի և Թուրքմենստանի հետ եռակողմ հանդիպումների անցկացումը:
Լինելով Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ՝ Իրանը ձգտում է ընդլայնել Թուրքիայի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի և Չինաստանի տարածքներով տարանցման ծավալը, նշել է նա:
Հունվարին Աֆանդիզադեն հայտարարել էր, որ Իրանը, Իրաքը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել համատեղ սահմանով ապրանքների տարանցումը մեծացնելու միջոցով համագործակցությունը ընդլայնելու մասին:
Առաջիկայում ևս մեկ համաձայնագիր կստորագրվի Իրանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Օմանի և Կատարի հետ՝ Չաբահար նավահանգստից ԱՊՀ երկրներ բեռների տարանցման ծավալների մեծացման նպատակով:
2012-ի հոկտեմբերին Աֆանդիզադեն հայտարարել էր, որ Իրանի միջոցով բեռների տարանցման ծավալը վերջին 4 տարիներին մեծացել է 75 տոկոսով:










































