ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մի քանի գաղտնի հետազոտությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման ծրագիրը խոցելի կողմեր ունի: Դրանք հարցականի տակ են դնում ապագա ՀՀՊ համակարգի արդյունավետությունը: Այս մասին հաղորդել է AP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատակիցների համար կազմակերպված բրիֆինգի արդյունքները: Բրիֆինգը նախապատրաստվել էր Պենտագոնի կողմից իրականացված գաղտնի հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Ինչպես նշում է AP-ն՝ պարզվել է, որ հատկապես Ռումինիան այնքան էլ հարմար վայր չէ ՀՀՊ համակարգերի տեղակայման համար: Բացի այդ՝ Լեհաստանում տեղակայված համակարգը արդյունավետ կլինի, եթե հրթիռները հնարավոր լինի որսալ մինչ թռիչքը, իսկ Պենտագոնը նման սարքավորումներ պատրաստելու համար աշխատանքներ չի տանում, քանի որ դա անիրականանալի է համարում:
Խնդիրը չեն լուծում նաև նավերի վրա տեղակայված հրթիռային համակարգերը՝ նշել է AP-ն: Դրանք Հյուսիսային ծով ուղարկեու դեպքում իրավիճակը կսրվի Մոսկվայի հետ, որովհետև անմիջական սպառնալիք կհանդիսանան հենց Ռուսաստանի հրթիռների համար:










































