ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի, Չինաստանի, Վենեսուելայի, Իրանի, Սիրիայի և Սուդանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ: Դրա պատճառը ԱՄՆ օրենքի դրույթների խախտումն է Իրանի, Հյուսիսայի Կորեայի և Սիրիայի հետ հարաբերություններում:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, պատժամիջոցները կկիրառվեն բելառուսական 2 կազմակերպության՝ «TM Servises»-ի և «Ռադար»-ի, ինչպես նաև նրանց դուստր ձեռնարկությունների դեմ:
«Սև ցուցակում» են հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի 5 ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ըստ ԱՄՆ իշխանությունների եզրակացության՝ տվյալ ընկերությունների և քաղաքացիների գործունեությունը պոտենցիալ հնարավորություն է ունեցել նյութական ներդրումներ անելու զանգվածային ոչնչացման զենքի մշակման կամ թևավոր և բալիստիկ հրթիռի մշակման մեջ: Այս առթիվ ավելի կոնկրետ մանրամասներ ԱՄՆ գերատեսչությունը չի ներկայացնում:
Պատժամիջոցները կիրառելու որոշումն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին:







































