Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը ներքաշվել են այնպիսի մի իրավիճակի մեջ, որը կարող է վերածվել պատերազմի` անհապաղ և պատշաճ միջամտություն չլինելու դեպքում:
Այս մասին գրում են իսրայելական DebkaFile կայքի վերլուծաբանները:
Վերջերս Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը և Բահրեյնի միապետ Համադ բին Իսա Ալ Խալիֆան խորհրդակցություն են անցկացրել` նվիրված պաշտպանությանը, ներքին քաղաքականությանն ու ֆինանսներին: Քննարկվող հարցերի շարքում են եղել նաև Բահրեյնի ազգային անվտանգության հարցերը:
DebkaFile-ում կարծում են, որ մարտ ամսվա երրորդ շաբաթը նշանավորվել է պայմանագրի ստորագրմամբ, ըստ որի` այդ ոլորտների տնօրինումն անցել է Սաուդյան Արաբիայի թագավորի ենթակայությանը: Իսկ նրա որդին` թագաժառանգ Մութայբը` երկրի Ազգային գվարդիայի ղեկավարը, կզբաղվի Բահրեյնի զինված ուժերի վերակազմավորմամբ: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան սկսել է Պարսից ծոցի ամենամեծ ռազմակայանի շինարարությունը Բահրեյնում, որն անհանգստության մեծ առիթ է տվել Իրանին և Իրաքին:
Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի իշխանությունների գործողությունների մեկտեղման նպատակն է շիական ազդեցության տարածման վտանգի դեմն առնելը` ինչպես նավթով հարուստ շրջաններում, այնպես էլ երկրների մյուս շրջաններում, որտեղ հենց շիաները կազմում են բնակչության մեծամասնությունը, սակայն իշխանությունը պատկանում է սունիներին:
DNW շաբաթաթերթն իր 487-րդ համարում գրում է, որ երկու շաբաթ առաջ Էր-Ռիյադում ստորագրված համաձայնագրով Բահրեյնը փաստացի դառնում է Սաուդյան Արաբիայի 13-րդ նահանգը:
Այս զարգացումների ֆոնին Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հանդես է եկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ իրականացրած քաղաքականության քննադատությամբ և Վաշինգտոնի կողմից սունիական բարձրագույն իշխանություններին հովանավորելը դիտարկել որպես հարաբերությունների վատթարացում տարածաշրջանում:
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ չի հանդուրժի ռազմական ուժերի մեծ կուտակում Իրանի սահմանների` Պարսից ծոցի նավաթահանքերի մոտ: Նա նշել է, որ ռազմական ուժերի կուտակումը կդիտվի որպես ռազմական գործողությունների սկիզբ և կստանա համահունչ պատասխան:









































