Նյու Յորք նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել երեք խոշոր վարկանշային գործակալությունների՝ Standard & Poor’s-ի, Moody’s-ի և Fitch-ի դեմ:
Գործակալությունները կասկածվում են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի նախաշեմին հիփոթեքային պարտատոմսերին ուռճացված վարկանշային գնահատական տալու համար: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:
Այս շաբաթ ամերիկյան դատախազությունը գործակալություն է ուղարկել դատական կարգադրություն՝ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրման պահանջով:
Դեռևս հայտնի չէ, կարո՞ղ է նյույորքյան դատախազությունը ներկայիս ստուգումների արդյունքում գործակալությունների դեմ դատական հայցեր ներկայացնել: Դա կապված է այն բանի հետ, որ 2008 թվականի ամռանը նրանք համաձայնագիր էին կնքել, որի շրջանակում դատախազությունը փակել էր այդ պահին դիտարկման դրված գործը և հրաժարվել հետագայում դատական գործողություններ կիրառելուց, իսկ նա էլ իր հերթին համաձայնել է մի շարք բարեփոխումներ անցկացնել հիփոթեքային արժեթղթերի վարկանիշների տրամադրման գործում:
Անցած երկուշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Լոս Անջելեսի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել Standard & Poor’s-ի դեմ: Գերատեսչությունը գործակալության վերլուծաբաններին կասկածում է հիփոթեքային պարտատոմսերի վարկային վարկանիշների դիտավորյալ բարձրացման մեջ, ինչը նպաստել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեկնարկին: Կառավարությունը կարծում է, որ Standard & Poor’s-ը պետք է առնվազն 5 մլրդ դոլար տուգանք վճարի:










































