Microsoft-ը Google-ի դեմ նոր գովազդային քարոզարշավ է սկսել, որը կոչվում է Scroogled: Այս անգամ, ինչպես հաղորդում է Vestifinance-ն, քավության նոխազ է դարձել Gmail-ի փոստարկղը:
Microsoft-ը պնդում է, որ Google-ը հետևում է իր հաճախորդներին, երբ վերջիններս միմյանց նամակներ են գրում: Դա արվում է պարզելու համար, թե ինչպիսի բառեր է օգտագործում տվյալ օգտատերը, և այդ տեղեկության հիման վրա էլ ձևավորվում է այն գովազդային վահանակը, որն էլ օգտատերը տեսնում է իր փոստարկղում:
Scroogled կոչվող գովազդային քարոզարշավի համար հատուկ նկարահանված տեսահոլովակում մանրամասնորեն ցույց է տրվում այդ ամենը: Ոչ այնքան վաղուց մահացած ընտանի կենդանուն նվիրված նամակում Google-ի համակարգը տարանջատում է բաղկացուցիչ բառերը և ցուցադրում վահանակ՝ անասնաբուժական կենտրոն այցելելու անվճար կտրոնով: Մահացած կենդանուն այդ կտրոնն, իհարկե, այլևս պետք չէ: Բացի այդ, դա կարող է վիրավորական լինել նամակի հեղինակի համար:
Ստացվում է, որ Google-ը կարդում է բոլոր նամակները, սակայն դա տեղի է ունենում մեխանիկորեն, այսինքն՝աշխատակիցները չեն տեսնում դրանց բովանդակությունը: Նման կերպ Microsoft-ն ակնարկում է, սակայն ուղղակիորեն չի մեղադրում Google-ին օրենքը խախտելու մեջ, սակայն մրցակցի գործողությունները անբարոյական է համարում:









































