Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը մեկնաբանել է Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստի հնարավոր վերսկսման լուրը.
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեն փաստացի գոյություն ունի, այն երբեք չի դադարեցրել իր աշխատանքները: Ռասել Ջոնսթոնի մահից հետո այն դադարեցրել է իր պաշտոնական հանդիպումները:
Սակայն դրա գրեթե յուրաքանչյուր նիստին միմյանց են հանդիպում ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների ղեկավարները: Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի ստացել իր քաղաքական լուծումը, այդ ենթակոմիտեն պետք է գոյություն ունենա:
Հայկական կողմը կարծում է, թե այդ նախաձեռնությունը պատկանում է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին, սակայն դա «այդպես չէ», քանի որ վերջինս պարզապես իրագործում է ԵԽԽՎ բյուրոյի որոշումը»:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին կայացած ԵԽԽՎ բյուրոյի նստաշրջանում ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հավանությամբ վճռվեց վերականգնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեն, ինչը հարուցեց հայկական կողմի դժգոհությունը:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նախկին նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնին, ապա վերջինս մահացել է 2008 թվականի հուլիսի 27-ին, Փարիզում` 76 տարեկան հասակում: