Երեկ ուրբաթօրյա աղոթքից հետո Սիրիայի քաղաքների փողոցներ դուրս եկած ցուցարարների դեմ կրկին հրազեն և հատուկ միջոցներ են կիրառվել: Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են 27-32 սպանվածի մասին: Հիմնական դեպքերը կրկին տեղի են ունեցել երկրի հարավում` Դարաա քաղաքում: Al-Jazeera-ն 27 սպանվածի տեղեկությունը ստացել է տեղի բժիշկներից: Associated Press-ը հայտնում է առնվազն 32 սպանվածի մասին: Reuters-ի փոխանցմամբ, առնվազն 200 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ:
Բախումները Դարաայում սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները քանդել են Բաշար Ալ-Ասադի վաղամեռիկ եղբոր` Բասիլի արձանը և հարձակվել իշխող «ԲԱԱՍ» կուսակցության գրասենյակի վրա: Միաժամանակ սիրիական SANA գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարների վրա կրակելու ժամանակ զոհվել է 19 իրավապահ և անվտանգության ուժերի ներկայացուցիչ, 75 խաղաղ բնակիչ վիրավորվել է «զինված ուժերի» հարձակման հետևանքով:
Բողոքի ավելի փոքրաթիվ ակցիաներ են տեղի ունեցել Լաթաքիա, Բանիաս, Հոմս քաղաքներում: Դամասկոսից ոչ հեռու գտնվող Հարասթ քաղաքում սպանվել է 3 ցուցարար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սիրիայի դեպքերին անմիջապես արձագանքել է ԱՄՆ-ն: Նախագահ Օբամայի հատուկ ուղերձում նշվում է, որ «մինչև հիմա Սիրիայի իշխանությունները չեն արձագանքել այդ երկրի ժողովրդի իրավացի պահանջներին: Բռնությունն ու ձերբակալությունները չեն կարող պատասխան լինեն Սիրիայի ժողովրդի մտահոգություններին: Եկել է ժամանակը, երբ Սիրիայի կառավարությունը պետք է դադարեցնի բռնարարքները սեփական քաղաքացիների նկատմամբ և լսի Սիրիայի ժողովրդի ձայնը, որը կոչ է անում կատարել իրական քաղաքական և տնտեսական բարեփոխումներ», ասված է Օբամայի ուղերձում:








































