PowerBall վիճակախաղով 1 մլն դոլար շահած ամերիկացին անհայտ պատճառներով չի կարողացել տոմսը ներկայացնել մինչև սահմանված ժամկետի ավարտը, և հիմա այդ գումարը կուղղվի Կալիֆոռնիա նահանգի դպրոցական կրթության համակարգի բյուջե: KPCC ռադիոկայանի հաղորդմամբ՝ անցած հինգշաբթի օրը լրացել է 180 օրը, որը տրվում է վիճակախաղի շահած տոմսերը ներկայացնելու համար: Դրանից հետո դրանք համարվում են ուժը կորցրած:
«Հաղթող տոմսի տերը (տոմսը գնել է Լոս Անջելեսի սուպերմարկետներից մեկից) չի հայտնել շահումի մասին: Նա կորցրել է վիճակախաղի ամբողջ գումարը»,- նշում է ռադիոկայանը:
Իրավիճակը նրանով է ավելի անսովոր, որ կալիֆոռնիական ԶԼՄ-ները հրապարակել են հաղթող տոմսը գնած մարդու լուսանկարը: Նա երիտասարդ տղա է: Լուսանկարը վերցրել էին սուպերմարկետի ներքին հսկման համակարգից:
Միաժամանակ, վաճառողներից մեկը պնդում է, որ երիտասարդը գիտեր իր շահումի մասին:
Բոլորը փորձում են գուշակել՝ ինչ է պատահել հաջողակի հետ, որը չի կարողացել ստանալ 1 մլն դոլարը:









































