Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, համաձայն որոնց` Իսրայելը խզում է հարաբերությունները ՄԱԿ-ի մշակութային ծրագրի հետ: Սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին: Բանն այն է, որ 5 պատմամշակութային վայրեր ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել էին Պաղեստինի տարածքի անբաժանելի մաս: Այսօր տարածված հայտարարության մեջ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը կսահմանափակվի այդ տարածքների վերաբերյալ ընդունված բանաձեւերի կատարման հարցով:
Այդ պատմամշակութային վայրերից ամենահայտնիները Նախահայրերի քարանձավն ու Ռաքելի դամբարանն են, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձեւերում նշվում են նաեւ արաբական անվանումներով` Ալ-Հարամ Ալ-Իբրահիմ եւ Բիլալ իբն Ռաբահ մզկիթ: Իսրայելական կողմի պնդմամբ, այս բանաձեւերը խոչընդոտում են խաղաղության գործընթացին տարածաշրջանում եւ ուղղված են Իսրայելի ապալեգիտիմացմանը:








































