Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նախագահի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Լուիս Ալբերտո Մոլինային:
Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նիկարագուայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ իր այցի նպատակն է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, միջխորհրդարանական կապերի և իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածութուն է ձեռք բերվել Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաներ հավատարմագրելու մասին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:









































