Իրանի կառավարությանը բաց նամակ հղելու համար ամերիկացի 47 սենատորներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով միջնորդագիրը չորեքշաբթի ներկայացվել է Սպիտակ տան քննարկմանը։ Միջնորդագիրը Սպիտակ տան կայքում երկու օրում հավաքել էր ավելի քան 166 հազար ստորագրություն։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Դա դաշնային օրենքի ակնհայտ խախտում է»,- ասում են հեղինակները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նամակում կասկած է արտահայտվել առ այն, որ միջուկային ծրագրով պայմանավորվածությունները կպահպանվեն նաև 2016-ին նոր նախագահի ընտրությունից հետո։ Հանրապետականները բազմիցս փորձել են հարցականի տակ դնել Իրանի հետ համաձայնագիր ձեռք բերելու հնարավորությունը։
Միջնորդագրի հեղինակները կարծում են, որ սենատորները խախտել են 1799 թվականի ամերիկյան օրենքը։ Օրենքն արգելում է քաղաքացիներին ԱՄՆ իշխանությունների կողմից չարտոնված բանակցություններ վարել այլ կառավարությունների հետ։ Օրենքի խախտման հմար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում։







































