«Անհատ տաքսու վարորդները կիրակի օրը Հրազդանի կիրճում արտոնված հանրահավաք են անելու, միանալու են նաև տաքսի ծառայությունները»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանրահավաքին գալու են բոլոր մարզերից, քանի որ դեմ են մարտի 1-ից ուժի մեջ մտած` կառավարության նոր որոշմանը, որի համաձայն` վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և պարտադիր հաշվիչ տեղադրեն: Հաշվիչի գինը տատանվում է 60-120 հազար դրամի սահմաններում:
Տրանսպորտի և կապի նախարարության հետ բանակցությունների ընթացքում տաքսու վարորդները 19 առաջարկ էին ներկայացրել: «Հաշվիչների գումար չունեն, պահանջում էին, որ հաշվիչների համար ապառիկ գիծ բացվի, որպեսզի կարողանան ձեռք բերել: Պետք է կայանատեղիների հարցը լուծվի` հատուկ տաքսիների համար, որպեսզի տուգանքները պակասեն: ԱՊՊԱ-ի հետ կապված հարցեր կան, գազի թղթի…»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ նախարարությունը խոստացել էր, որ առաջարկները կքննարկեն, կտեղեկացնեն, բայց շարժ չկա:
Տաքսու վարորդ Արսեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պայքարը չեն դադարեցնելու, քանի որ նոր կարգը ոչ թե կանոնակարգում, այլ եկամտից զրկում է առանց այն էլ մի կերպ աշխատող վարորդներին: «Ասացին կքննարկեն: Սպասեցինք, բայց սայլը տեղից չի շարժվում»,-ասաց նա:
Գյումրեցի վարորդ Բաբկեն Գևորգյանն ասաց, որ 10 տարուց ավելի է` տաքսի է քշում, ոչ մի հաճախորդ չի ասում` ինչո՞ւ հաշվիչ չունես, քանի որ մարզերում ֆիքսված գումար կա՝ անկախ նրանից` քաղաքի կամ գյուղի որ հատված են գնում: «Զզվեցրել են, խեղդում են, ի՞նչ գուզեն, կառավարությունը, փոխանակ մեզ մի հարցով օգնի, վնասի գը, էս ի՞նչ ա»,- ասաց նա՝ հավելելով, որ կարգի հետևանքով ինչքան էլ տույժ-տուգանք ավելանա, չեն վճարելու, քանի որ կարգը գրելիս տաքսու վարորդների հետ ոչ ոք չի խորհրդակցել:
Լուսանկարը` PAN Photo-ի







































