Թեև «Էյր Արմենիա» ավիաընկերության մամուլի խոսնակը վերջերս հայտնել էր, որ հնարավոր է՝ ավիաընկերությունը այս տարվա մարտի վերջին, այսինքն՝ մի քանի օրից, վերսկսի չվերթեր իրականացնել, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ դժվար թե դա իրականություն դառնա, քանի որ այն ընկերությունը, որը գնել էր «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը, ֆինանսական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ երբ անցած տարի՝ աշնանը, հայկական այս փոխադրողը կանգնեց ֆինանսական խնդիրների առաջ ու սնանկացավ, ավիաընկերության սեփականատերերը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը և ավիաընկերության տնօրեն ու պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեցին, որ ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառել են անգլիական East Prospect Fund ընկերությանը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, հիշյալ ընկերության կողմից «Էյր Արմենիա»-ում ներդրումներ իրականացնելը պայմանավորված էր մեկ այլ գործարքով, որից ստացված հասույթը պետք է ուղղվեր այդ ներդրումներին և ընկերությունը առողջացնելու ծրագրին: Սակայն, նույն տեղեկությունների համաձայն, անգլիական ընկերությունը չի կարողացել այդ մեծ գործարքն իրականացնել, ինչ պատճառով էլ ներդրումներ չեն եղել և դժվար էլ առաջիկայում լինեն: Հետևաբար ակնկալել, որ այս ամսվա վերջին հայկական փոխադրողը երկինք կբարձրանա, հնարավոր չէ: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ավիաընկերության կողմից արդեն իսկ նշված մի քանի ժամկետ անցել է, և թռիչքներն այդպես էլ չեն վերականգնվել:
Նշենք նաև, որ ավիաընկերությունը հրաժարվում է վճարել իր աշխատակիցներին ունեցած պարտքը: Մինչ օրս և՛ օդաչուները, և՛ բորտուղեկցորդուհիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիքը: Նրանց մի մասը դատական հայցեր է ներկայացրել ընկերության դեմ աշխատավարձերը բռնագանձելու պահանջով, և այս պահին այդ հայցերը քննության մեջ են:
Ավիաընկերության դեմ դատական հայցեր են ներկայացրել նաև այն անձինք, ովքեր ավիատոմսեր էին գնել ընկերությունից, սակայն թռիչքների դադարեցումից հետո նրանց գումարները չեն վերադարձվել: Վերջերս ավիաընկերությունից պատճառաբանել էին, որ պարտքերի մարումը դադարեցվել է այն բանից հետո, երբ որոշ կրեդիտորներ դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ, որից հետո «Էյր Արմենիայի» հաշիվներն արգելանքի տակ են վերցվել, և իրենք չեն կարողանում կառավարել իրենց հաշիվները:
Ավիաընկերության մամուլի պատասխանատու Սիսակ Համբարձումյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույն պատճառաբանությունը բերեց, որ իրենք չեն հրաժարվում իրենց ունեցած պարտքից: Երբ հաշիվները կալանքից հանվեն, իրենք կվճարեն բոլորի պարտքերը:
Ինչ վերաբերում է թռիչքները վերականգնելուն, ապա մեզ հետ զրույցում խոսնակը նոր ժամկետ նշեց: Այս անգամ՝ մայիս ամիսը: «Ինչ-ինչ խնդիրների, թերևս տեխնիկական խնդիրների պատճառով ներդրումները նոր բաժնետիրոջ կողմից ուշանում են, սակայն նախատեսվում է, որ մայիս ամսին թռիչքներն արդեն իսկ կբերականգնվեն»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ կոնկրետ չգիտի, թե ինչ խնդիրների պատճառով են ներդրումներն ուշանում:
Նշենք, որ այս պահին «Էյր Արմենիա»-ն ինքնաթիռներ չունի, ունեցած 3 օդանավերը վարձակալությամբ էին վերցված, որոնք, ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով, վարձատուի կողմից հետ են վերցվել: Համբարձումյանի խոսքով՝ երբ ներդրումներ իրականացվեն, այդ գումարներով էլ կլուծվի նաև նոր օդանավեր վարձակալելու խնդիրը:










































