Աշխարհի ամենատարեց ղեկավարը՝ Զիմբաբվեի 91-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ամսական 12.000 դոլար է ստանում, հայտնում է TASS-ը: Երկրի մայրաքաղաք Հարարեի կենտրոնական հիվանդանոց այցի ժամանակ Մուգաբեն պատմել է, որ իր աշխատավարձը կազմում է 10.000 դոլար, գումարած 2000 դոլար տարատեսակ նպաստների տեսքով:
Մուգաբեի խոսքով՝ մինչ երկիրը բարդ տնտեսական վիճակում է, այդ եկամուտը բավարար է: «Ոչինչ, չենք մեռնի, լավագույն ժամանակներն առջևում են»,- ասել է նա:
Մեկ տարի առաջ նախագահը հայտարարել էր, որ իր ամսական եկամուտը կազմում է 4000 դոլար:
Վերջին հարցումները ցույց են տվել, որ Զիմբաբվեի հասուն քաղաքացիների 72%-ը ամսական 200 դոլարից պակաս է վաստակում:








































