Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը այս կամ այն կերպ կապված է Ուկրաինայում իրադարձությունների հետ: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
«Անցած ուրբաթ Բորիս Նեմցովի դաժան սպանությունից հետո մենք տեսնում ենք, որ զոհեր կան ոչ միայն Ուկրաինայի արևելքում: Չնայած մենք չգիտենք, թե ով է սեղմել ձգանը՝ հասկանում ենք, որ Բորիս Նեմցովը ժողովրդավարության պաշտպան էր և Ուկրաինայում իրադարձություններին Ռուսաստանի միջամտության հակառակորդ, այսինքն՝ նրանցից մեկն էր, ում ռուսական պաշտոնական պրոպագանդան անվանում է «դավաճաններ» և «հինգերորդ շարասյուն»,- ասել է Վերշբոուն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար գնալով ավելի է դժվարանում բնակչությունից Ուկրաինայի արևելքում մեծ թվով ռուս զինծառայողների մահը թաքցնելը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նեմցովի օգնական Օլգա Շորինան Reuters գործակալությանը գրություն է ցույց տվել, որը, ինչպես հաղորդվում է, նա Շորինային է փոխանցել սպանության նախորդ օրը: Գրության մեջ խոսվում է Իվանովոյից դեսանտայինների մասին, որոնք օգնության համար դիմել են նրան: